Իսրայելի կառավարությունը թույլատրել է կանանց և տղամարդկանց համատեղ աղոթել Երուսաղեմի Լացի Պատի մոտ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ընդունած այս որոշումը վերջ դրեց հրեականության օրթոդոքս և լիբերալ ճյուղերի միջև երկար տարիներ շարունակվող վիճաբանություններին: Պատի մոտ տղամարդիկ և կանայք աղոթում էին առանձին տարածքներում, այսուհետ կավելանա երրորդ տարածքը, որտեղ կարող են համատեղ աղոթել և տղամարդիկ և կանայք: Այդ տարածքը հսկելու են հրեականության լիբերալ ճյուղի հետևորդները: Նշենք, որ համատեղ աղոթելու համար պայքարը մոտ 30 տարի առաջ սկսել էր << Կանայք Պատի համար>> կրոնական կազմակերպությունը, որի կին ակտիվիստների պահանջի արդարացիությունը բազմիցս հասատատել էր դատարանը: Սակայն լիբերալներին դեմ էին հանդես գալիս ծայրահեղ ուղղափառ հրեական կուսակցությունները: Այժմ Իսրայելի կառավարությունը գտել է փոխզիջումային տարբերակը, որին համատեղ աղոթքի հակառակորդները, որոնց թվում են նաև նախարարների կաբինետի անդամներ, անվանել են չարիքի փոքրագույնը: