Սիրիայի Հալեպ քաղաքի հունա–կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Ժան Կլեման Ժանբարը << Եկեղեցու օգնությունը կարիքավորներին>> կազմակերպությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ սիրիացի քրիստոնյաները մտադիր չեն հեռանալ երկրից: <<Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում մեզ հետ, մենք շարունակելու ենք ապրել մեր երկրում և այս որոշման պատճառը մեր եկեղեցու պատմությունն է: Մեր եկեղեցին եղել է առաջին քրիստոնյաների եկեղեցին: Դամասկոսում Պողոս առաքյալը մեր նախնիներին է ավետարանել: Այսօր այստեղ, դժվարին պայմաններում բնակվող քրիստոնյաները ավելի քան 2հազար տարի Հիսուսին հավատարիմ մնացած քրիստոնյաների սերունդն է >>-ասել էր արքեպիսկոպոսը: Նա խնդրել էր, որ Արևմուտքի քրիստոնյաները աղոթեն իրենց համար: << Անհրաժեշտ է, որ Արևմուտքի քրիստոնյաները մեզ պաշտպանեն իրենց քաղաքական գործիչների և կառավարությունների որոշումներից: Հուսով ենք, որ վերջապես Արևմուտքը կհասկանա, որ սիրիացի քրիստոնյաները չեն լքի իրենց հայրենիքը: Այստեղ բնակվելը մեզ համար անհրաժեշտություն է, նույնքան կարևոր, որքան մեր կյանքը: Ի վերջո յուրաքանչյուր մարդու իրավունքն է ապրել իր հողի վրա >>-ասել էր Հունա-կաթոլիկ եկեղեցու Պատրիարքը: