Վերջերս Բեթղեհեմում հրկիզել են Մարոնիտ եկեղեցուն պատկանող սուրբ Շարվելի վանքը: <<Սա դիտավորյալ հրկիզում է, արմատական իսլամիստների կողմից իրականացված կրոնական բարբարոսություն է>>- լրագրողներին հայտարարել էր Երուսաղեմում Մարիոնիտ եկեղեցու պատրիարքության առաջնորդ Սոբխի Մահուլը: Հրկիզման արդյունքում տուժողներ չկան, որովհետև վանքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ և այդ ժամանակ վանքում մարդիկ չեն եղել: Սակայն շենքին զգալի վնաս է հասցվել: Տեղի քրիստոնեական համայնքը մտահոգ է նման գործողությունների կրկնվելու հնարավորությամբ: Ոստիկանության տվյալներով իսլամիստ ծայրահեղականները իրենց գործունեությունը խիստ ակտիվացրել են այդ շրջանում: Իրավապահները հայտնել են, որ հրկիզման մեղավորները արդեն հայտնի են և շատ շուտով կբանտարկվեն: << Հարձակումը ունի բացահայտ կրոնական շարժառիթներ: Դա հակաքրիստոնեական գործողություն է նման Մերձավոր Արևելքում կատարավող հազարավոր հանցագործություններին: Տարածաշրջանում ակտիվորեն գործում են իսլամական ծայրահեղական խմբավորումները >>- հայտարարել էր Սոբխի Մահուլը: Տեղեկացնենք, որ սուրբ Շարվելի վանքը գտնվում է Բեթղեհեմի հիմնականում մուսուլմանաբնակ Վադի Մաալի շրջանում: Սոբխի Մահուլի խոսքով անցյալ ամիս Պաղեստինի ինքնավարության իշխանությունները 100 հազար դոլար էին նվիրել վանքի վերականգման համար: <<Դա շնորհակալական քայլ էր Պատրիարքի հանդեպ և աջակցություն վանքին: Չնայած քրիստոնյաները անհանգստացած են, սակայն մենք չենք կարող ուրիշ տեղ գնալ, սա մեր հողն է>>-եզրափակել էր հոգևորականը: