Հռոմի Պապը Վատիկանում ընդունել էր  Իրաքից քաղդեա-կաթոլիկ քահանա Սամիր Յուսեֆին, ով կաթոլիկ Հովվապետին պատմել էր իսլամիստներից փրկվելու համար իրենց բնակավայրերից հեռացած գաղթականների ողբերգական վիճակի մասին: Սամիր Յուսեֆը ծառայում է Թուրքիայի հետ սահմանակից Ամադիյակ շրջանի հինգ  գյուղերում: Նա ամեն կերպ օգնում է փախստականներին, նրանց կերակրում է, դեղորայք և օթևան է տալիս:  Հայր Յուսեֆը Ֆրանցիսկ I-ին ցույց էր տվել լուսանկարներ, որոնցում  պատկերված են Քուրդիստանում ապաստանած փախստականների  դժվարին վիճակը: <<Ես ականատես եմ եղել  անասելի վշտի և հուսահատության տեսարանների: Մարդիկ քաղցից մահանում են ճանապարհներին: Մեկ րոպեում  ոչնչացվում են քրիստոնյաների ներկայության հետքերը, ովքեր այդ տարածաշրջանում ապրել են երկու հազար տարի>>- պատմել էր իրաքցի քահանան  L’Osservatore Romano թերթին տված հարցազրույցում: Քահանան նաև շնորհակալություն էր հայտնել Պապին նրա զոհաբերություների և միջազգային հանրությանը ուղղված  կոչերի համար:<< Հովվապետը կարող է համոզված լինել, որ արաբական աշխարհում  մեծ ուշադրությամբ են լսում  նրան  և  քրիստոնյաները զգում են, որ իրենք մոռացված չեն>>-ասել էր  հայր Յուսեֆը: