Հռոմի Պապը Վատիկանում ընդունել էր Իրաքից քաղդեա-կաթոլիկ քահանա Սամիր Յուսեֆին, ով կաթոլիկ Հովվապետին պատմել էր իսլամիստներից փրկվելու համար իրենց բնակավայրերից հեռացած գաղթականների ողբերգական վիճակի մասին: Սամիր Յուսեֆը ծառայում է Թուրքիայի հետ սահմանակից Ամադիյակ շրջանի հինգ գյուղերում: Նա ամեն կերպ օգնում է փախստականներին, նրանց կերակրում է, դեղորայք և օթևան է տալիս: Հայր Յուսեֆը Ֆրանցիսկ I-ին ցույց էր տվել լուսանկարներ, որոնցում պատկերված են Քուրդիստանում ապաստանած փախստականների դժվարին վիճակը: <<Ես ականատես եմ եղել անասելի վշտի և հուսահատության տեսարանների: Մարդիկ քաղցից մահանում են ճանապարհներին: Մեկ րոպեում ոչնչացվում են քրիստոնյաների ներկայության հետքերը, ովքեր այդ տարածաշրջանում ապրել են երկու հազար տարի>>- պատմել էր իրաքցի քահանան L’Osservatore Romano թերթին տված հարցազրույցում: Քահանան նաև շնորհակալություն էր հայտնել Պապին նրա զոհաբերություների և միջազգային հանրությանը ուղղված կոչերի համար:<< Հովվապետը կարող է համոզված լինել, որ արաբական աշխարհում մեծ ուշադրությամբ են լսում նրան և քրիստոնյաները զգում են, որ իրենք մոռացված չեն>>-ասել էր հայր Յուսեֆը: