Վատիկանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է Հռոմի Պապի ԱՄՆ կատարելիք այցի մանրամասների մասին, համաձայն որոնց մասնավորապես Ֆրանցիսկ I-ը մտադիր է հանդիպումներ ունենալ աղքատների, անօթևանների և բանտարկյալների հետ: Այդ մասին գրել է նաև The New York Times թերթը.<<Առաջին անգամ այդ մասշտաբով Պապը մտադիր է ժամանակ անցկացնել մարդկանց հետ, ովքեր գտնվում են ամերիկյան հասարակության ամենացածր աստիճաններում, փախստականների, անօթևանների, կարիքավոր ընտանիքների երեխաների և բանտարկյալների հետ>>: Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում և Նյու Յորքում Պապը ծրագրել է 7 հանդիպումներ, որոնց ժամանակ նա շփվելու է նման մարդկանց հետ: Մասնավորապես Ֆիլադելֆիայում կաթոլիկ Հովվապետը այցելելու է քաղաքի ամենախոշոր բանտը, հանդիպելու է կալանավորների և նրանց ընտանիքների հետ, պատարագ է մատուցելու նրանց համար: Ինչպես գիտենք Պապի այցը ԱՄՆ սկսվելու է սեպտեմբերի 22-ին: