ԱՄՆ-ի րաբբիները կոչ են արել բոյկոտել նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Տրամպի ելույթը Հասարակական կապերի վերաբերյալ Ամերիկա-իսրայելյան ամենամյա կոնֆերանսում: Հրեա հոգևորականները Տրամպին մեղադրում են միջկրոնական ատելություն հրահրելու համար: Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը: Տրամպի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչ րաբբի Դեյվիդ Պասկին ասել էր.<<Մենք բողոքում ենք կոնկրետ մեկ մարդու դեմ `Դոնալդ Տրամպի: Նա ատելություն է սադրում և հրահրում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ: Հուսով եմ, որ մեզ կմիանան բազմաթիվ մարդիկ: Մենք դեմ ենք ատելության հրահրմանը, դեմ ենք այն չարությանը, որը տարածվել է այս ընտրարշավում>>: Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Ռեֆորմիստական հրեականության միությունը, որը համարվում է հրեական ամենամեծ հարանվանությունը ԱՄՆ-ում: Իսկ վերջերս Տրամպի դեմ հայտարարություն էին հրապարակել ԱՄՆ-ի կաթոլիկ գործիչները: Նշենք, որ Դոնալդ Տրամպը նախընտրական իր ելույթներում շատ կոշտ է արտահայտվել մուսուլմանների վերաբերյալ`կոչ անելով արգելել նրանց մուտքը ԱՄՆ: