ԱՄՆ-ը մեծացնում է ռազմական օգնությունը աֆրիկյան երկրներին, որոնց անվտանգությանը սպառնում է << Բոկո հարամ>> իսլամական ահաբեկչական խմբավորումը: Վերջինս միացել է Սիրիայում և Իրաքում գործող <<Իսլամական պետությանը>>: ԱՄՆ-ը աֆրիկյան երկրներ է ուղարկում հրահանգիչներ, տրամադրում է զենք և անօդաչու թռչող սարքեր: Նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Արևմտյան Աֆրիկա է ուղարկել ամերիկացի 300 զինծառայողների, ովքեր տեղի զինված ուժերին օգնելու են << Բոկո հարամ>>-ի դեմ մղվող պայքարում: Նշենք, որ ահաբեկչական այդ խմբավորման դեմ պայքարելու համար ստեղծված միջազգային զինված ուժերի կազմում Նիգերիայի, Նիգերի, Կամերունի, Չադի և Բենինի զինծառայողներ են: <<Բոկո հարամ>> խմբավորումը հատկապես ակտիվ է գործում Նիգերիայում: Ներկայումս նիգերիական բանակի և դաշնակիների հարձակումների արդյունքում իսլամիստ գրոհայիններից ազատագրել են Նիգերիայի հյուսիսային մի շարք շրջաններ: Ի պատասխան` իսլամիստ ահաբեկիչները Նիգերիայում և հարևան երկրներում իրականացրել են մի շարք ահաբեկչություններ, որոնց զոհ են գնացել խաղաղ բնակիչներ: Այդ կերպ իսլամիստ ծայրահեղականները ցանկանում են ցույց տալ, որ շարունակելու են պայքարը: