Fides գործակալության տեղեկացմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների(ԱՄԷ ) կառավարությունը որոշել է հիմնել Երջանկության և հանդուրժողականության նախարարություն: Նոր նախարարությունը ստեղծվել է Դուբայի տիրակալ և Էմիրությունների փոխնախագահ շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ ալ Մուքթումի հատուկ կարգադրությամբ: << Սա ժողովրդի համար նոր բարիքներ ստեղծելու ճանապարհի սկիզբն է>>- Twitter-ում գրառել է շեյխ Մուքթումը: Նոր նախարարությունը աջակցելու է սոցիալական բարիքներ և քաղաքացիների համար սոցիալական ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու կառավարության քաղաքականությանը: Այդ նպատակով Արաբական Էմիրություններում հանդուրժողականությունը հայտարարվել է որպես հիմքային արժեք: Կաթոլիկ եկեղեցու տեղապահ առաջնորդ, եպիսկոպոս Պոլ Հինդերը իր գոհունակությունն էր հայտնել Եկեղեցու համար ԱՄԷ-ում առկա կայուն և խաղաղ պայմանների համար: Որպես կրոնական հանդուրժողականության օրինակ է հանդիսանում 2015 թվականի ամռանը Աբու Դաբիի արվարձաններից մեկում Պողոս առաքյալի անվան կաթոլիկ տաճարի բացումը, որին մասնակցել էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ և Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը: Նշենք, որ ԱՄԷ-ում ներկայումս բնակվում են մոտ 900 հազար կաթոլիկներ, որոնց մեծ մասը գաղթել են Ֆիլիպիններից, Հնդկաստանից և ասիական այլ երկրներից: