Ամերիկացի հայտնի դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին այցելել էր Լիբանանի Սիրիայի հետ սահմանամերձ Զահլե քաղաքում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարը: Նա ծանոթացել էր ավելի քան հազար գաղթականների կյանքի պայմաններին, որից հետո մամուլի ասուլիս էր անցկացրել ճամբարի տարածքում: << Սիրիայում արդեն հինգ տարի շարունակվող պատերազմի պատճառով փախստական է դարձել գրեթե 5 միլիոն սիրիացի>> ասել էր Ջոլին: Նա <<ողբերգական և ամոթալի>> էր անվանել այն փաստը , որ մինչ օրս Սիրիայում խաղաղություն հաստատելու համար արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվել: Անջելինա Ջոլին միջազգային հանրությանը կոչ էր արել օգնել գաղթականներին և միջոցներ ձեռք առնել պատերազմը դադարեցնելու համար: << Մենք չենք կարող աշխարհը ղեկավարել սահմանափակվելով միայն դիվանագիտությամբ և դիվանագիտական որոշումներով: Միջագային հանրությունը պետք է վերացնի զանգվածային գաղթականությունը ծնող պատճառները>>-հայտարարել էր դերասանուհին: Ավարտելով իր խոսքը նա շնորհակալություն էր հայտնել Լիբանանի ժողովրդին ավելի քան 1միլիոն սիրիացիների ապաստան տալու համար: <<Դուք ցուցադրում եք մարդասիրության, համերաշխության, գթասրտության օրինակ ամբողջ աշխարհին>>-հայտարարել էր Ջոլին: Նշենք, որ Հոլիվուդի աստղ, հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գլխավոր կոմիսարի վարչության բարի կամքի դեսպան է դարձել 2001թվականին :