InterPressNews-ի տեղեկացմամբ` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում << Միջազգային թափանցիկություն–Վրաստան>> կազմակերպության  գրասենյակի առջև  հոգևորականությունը և մի քանի թեմերի անդամները  խաղաղ ցույց – աղոթք են անցկացրել: Մասնակիցները պահանջում էին արգելել հակապետական  կազմակերպությունները: <<Ուղղափառ ծնողների միության>> համանախագահ, ակցիայի մասնակից Ավթանդիլ Ունգիաձեն լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արևմուտքի կողմից ֆինանսավորվող մի շարք ոչ կառավարական  կազմակերպություններ  աջակցում են  այլասերվածության տարածմանը Վրաստանում: Ըստ Ավթանդիլ Ունգիաձեի`  այդ կազմակերպությունները  արտահայտում են ոչ թե   հասարակության կամքը, այլ իրենց պատվիրատուների կարծիքն են տարածում և հանդիսանում են  արտասահմանյան պետությունների գործակալները Վրաստանում: Դրանց  գործունեությունը  հակապետական բնույթ ունի: << Ինչու են հենց այդ կազմակերպությունները հանդես գալիս  օրենսդրական նախաձեռնություններով, ինչու են հենց նրանք հարցումներ անցկացնում: Նրանց թիվը մեծ չի, սակայն օգտվում են  առաջին ձայնի իրավունքից և բարձր ամբիոններից>>-ասել էր Ունգիաձեն: Իսկ ավագ քահանա Դավիդ Կվլիվիձեն հայտարարել էր, որ երկրում պետք է գործեն  ոչ կառավարական այնպիսի կազմակերպություններ, որոնք  ֆինանսավորվում են  ժողովրդի կողմից և արտահայտում են ժողովրդի շահերը, այլ ոչ թե օտար պետությունների: Քահանայի կարծիքով  ներկայումս Վրաստանում գործող այդ կազմակերպությունների գործունեությունը դեմ է եկեղեցուն, ազգին, համամարդկային արժեքներին: Ուստի դրանց գործունեությունը պետք է սահմանափակել: