Իսլամիստ գրոհայինների կողմից գողացված եկեղեցական զանգերը վերադարձրել են Մաալյուլիա քրիստոնեական քաղաքին, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 55կմ հեռավորության վրա: Հինավուրց Մաալյուլա բնակավայրը հայտնի է նրանով, որ բնակիչները խոսում են և եկեղեցական երգերը կատարում արամերեն լեզվով, որով խոսել էր Հիսուս Քրիստոսը: Այս քաղաքում են գտնվում նաև հինավուրց քրիստոնեական տաճարներ և կանանց մենաստան: Տեղեկացնենք, որ իսլամիստ գրոհայինները Մաալյուլիան գրավել էին 2013թվականին: Մի քանի ամիս անց Սիրիայի բանակը ազատագրել էր քաղաքը: Իսլամիստները կողոպտել էին բոլոր տաճարները, գողացել հին սրբապատկերների մեծ մասը, այրել էին գրադարանը, քաղաքից դուրս էին բերել մոտ երկու հարյուր տարի առաջ ձուլված զանգերը: Մաալյուլիայի քաղաքապետի խոսքով զանգերը վերադարձվել են հոգևորականության ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ, բայց մանրամասների մասին ոչինչ հայտնի չի: Նշենք, որ Սիրիայի մշակույթի նախարարության տվյալներով երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի 4 տարիների ընթացքում << Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները կողոպտել և ավերել են ավելի քան 750 պատմական կառույցներ, այդ թվում քրիստոնեական տաճարներ և մենաստաններ: