The Independent-ի տեղեկացմամբ `Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդ քաղաքի համալսարանի ղեկավարությունը մագիստրատուրայից հեռացրել է Ֆելիքս Նգոլեին: Վերջինս Facebook-ի իր էջում Ղևտացիների գրքից հատված էր տեղադրել, որում խստորեն դատապարտվում է համասեռամոլությունը: Համալսարանի ղեկավարությունը Նգոլեին հեռացնելու որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ իրենք չեն դատապարտում ուսանողի տեսակետը, սակայն սոցիալական ցանցում նման գրառման տեղադրումը կարող է վիրավորել համասեռամոլներին: Ֆելիքս Նգոլեն բոլորովին մտադիր չի հանձնվել: Նա բողոքարկելու է վճիռը դատարանում: Նգոլեի խոսքով` համասեռամոլության և միասեռ ամուսնությունների վերաբերյալ իր անձնական կարծիքը չպետք է խոչընդոտ հանդիսանա իր կրթությանը: Նա նշել էր, որ ամուսնության վերաբերյալ իր կարծիքը հիմնված է աստվածաշնչյան սկզբունքների վրա: Ֆելիքս Նգոլեին իրավաբանական օգնություն է տրամադրում քրիստոնեական իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Անդրեա Ուիլյամսը: Նրա խոսքով դա հերթական դեպքն է, երբ քրիստոնեական տեսակետները քննադատության են ենթարկվում: