Ֆրանցիսկ I Պապը Թուրին կատարած երկօրյա այցի ժամանակ հանդիպել էր Վալդենսյան ավետարանական եկեղեցու հովիվների հետ: Ի դեպ` սա առաջին անգամ է, որ Կաթոլիկ Հովվապետը այցելում է այս հարանվանության եկեղեցի: Եկեղեցու հովիվները ողջունել են Պապի այս քայլը` նշելով, որ այս կերպ Ֆրանցիսկ I-ը քանդել է գրեթե ութ դար տևող բաժանության պատը, երբ վալդենսյան կրոնական շարժման հետևորդներին կաթոլիկ եկեղեցին մեղադրել էր հերետիկոսության մեջ և հեռացրել եկեղեցուց: Հռոմի Պապն էլ իր հերթին Հռոմեական- կաթոլիկ եկեղեցու անունից ներողություն էր խնդրել. <<Խնդրում եմ ներել` ձեր հանդեպ տեղ գտած ոչ քրիստոնեական, նույնիսկ անմարդկային վերաբերմունքի համար: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով խնդրում եմ ներեք մեզ>>-ասել էր Ֆրանցիսկ I-ը և հավելել, որ չնայած որոշ հարցերում առկա տարբերություններին, անհրաժեշտ է համագործակցել միմյանց հետ: Տեղեկացնենք, որ Վալդենսյան կրոնական շարժումը առաջացել է 12-րդ դարում Ֆրանսիայում և իր ուսմունքային ու կազմակերպական սկզբունքներով մոտ է մեթոդական եկեղեցուն: 1975 թվականին Վալդենսյան ավետարանական եկեղեցին միավորվել էր Իտալիայի մեթոդական եկեղեցու հետ`առաջացնելով Մեթոդական և Վալդենսյան եկեղեցիների միությունը, որը մտնում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեջ:Ներկայումս Վալդենսյան եկեղեցին ունի գրեթե 40 հազար հետևորդներ Իտալիայում, Շվեյցարիայում, Ուրուգվայում և Արգենտինայում: