Չորրորդ տարին անընդմեջ <<Կրոնի և խղճի ազատության>> հետազոտական կենտրոնը հրապարակում է Իսպանիայում հավատքի ազատության դեմ կատարվող հարձակումների վերաբերյալ հաշվետվությունը: <<Մենք դարձյալ տեսնում ենք հասարակական կյանքից կրոնը մեկուսացնելու փորձեր: Հաճախակի են դարձել հավատի համար մարդկանց ստորացնելու և վիրավորելու դեպքերը: Կրոնական խորհրդանիշները և պաշտամունքի առարկաները դառնում են բարբարոսությունների թիրախ>>-ասել էր հետազոտական կենտրոնի նախագահ Մարիա Գարսիան և շարունակել.<<Ականատես ենք դառնում հասարակության մի մասի կողմից անհանդուրժողական վերաբերմունքի հավատացյալների, հատկապես քրիստոնյաների նկատմամբ: Մինչ Եվրոպայում փորձում են քրիստոնյաներին ստիպել լռելու, Ասիայում և Աֆրիկայում քրիստոնյաները զոհվում են իրենց հավատի համար: Այս ամենը թույլ է տալիս խոսել հակաքրիստոնեության մասին արդի աշխարհում>> – եզրափակել էր Մարիա Գարսիան: <<Կրոնի և խղճի ազատության>> հետազոտական կենտրոնի հաշվետվության համաձայն`Անդալուսիան, Մադրիդը և Գալիսիան գլխավորում են Իսպանիայի շրջանների ցուցակը, որոնցում ավելի շատ են կրոնի և խղճի ազատության դեմ հարձակումները: Նշվում է նաև, որ այդ հարձակումների մեծ մասը քրիստոնյաների դեմ է, չնայած գրանցվել են նաև գործողություններ մուսուլմանների և հրեաների դեմ: