Աստանայում ավարտված համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների V համագումարի մասնակիցները կոչ են արել աշխարհում կանգնեցնել բռնությունների և ատելության ահագնացող ալիքը: Համագումարի արդյունքում ընդունված հռչակագրում ասված է.<<Բոլոր առաջատար պետությունների քաղաքական առաջնորդները պետք է կանգնեցնեն ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի խորացող անվստահության վիհը, դադարեցնեն փոխադարձ պատժամիջոցները և օգտագործեն միջազգային հարթակները հակասությունները կարգավորելու, վերահաստատեն խաղաղությունը և անվտանգությունը միջազգային օրենսդրությանը համապատասխան>>: Համագումարի մասնակիցները կոչ են արել վճռականորեն մերժել ցանկացած հակասության զինված լուծումը, հարգել բոլոր կրոնների հետևորդներին, պայքարել բոլոր սադրանքների դեմ, որոնք ուղղված են թշնամություն հրահրելու`քողարկվելով կրոնական սկզբունքներով: Հռչակագրում նշված է նաև համաշխարհային և ավանդական կրոնների համագումարի և ՄԱԿ-ի ու միջազգային այլ կազմակերպությունների միջև անվտանգության ոլորտում առավել ակտիվ համագործակցության մասին:Կրոնական առաջնորդները պայմանավորվել են միավորել ջանքերը այնպիսի պրոբլեմների լուծման համար, ինչպիսիք են ծայրահեղականությունը, աղքատությունը, սովը, համաճարակները, գործազրկությունը, բնական աղետները և այլն: Հաջորդ համագումարը կայանալու է դարձյալ Աստանայում 2018 թվականին: