Մեծ Բրիտանիայի կրթական տեսչությունը ստուգումների ժամանակ Արևելյան Լոնդոնի իսլամական դպրոցում դասագիրք է գտել, որում կոչ է արվում իրականացնել շարիաթով նախատեսված պատիժները, այդ թվում քարկոծումը: Այս մասին տեղեկացնում է Daily Mail թերթը: Մուսուլմանական այդ դպրոցում սովորում են 11-ից մինչև 16 տարեկան 158 տղաներ: Ուսման տարեկան վարձը կազմում է 3400 ֆունտ ստեռլինգ: Տնօրինությունը պնդում է, որ դպրոցում մշտապես դատապարտում են ծայրահեղականության ցանկացած դրսևորումները,մինչդեռ տեսչական հանձնաժողովի եզրակացության մեջ գրված է. <<Գրադարանի գրքերին ծանոթանալիս հայտնաբերել ենք երեք գիրք, որոնց բովանդակությունը հակասում է բրիտանական օրենսդրությանը և անհարգալից վերաբերմունք է քարոզում մարդկանց հանդեպ: Գրքերը քարոզում են կանանց և տղամարդկանց անհավասարություն, պատժատեսակներ, այդ թվում քարկոծում, որոնք արգելված են Բրիտանիայում և չեն արտահայտում հանդուրժողականության և ինտեգրացիայի ոգին>>: Նախկինում ևս ստուգումներ էին անցկացվել այդ դպրոցում և փակել էին գրադարանը, սակայն աշակերտները շարունակել էին օգտվել գրականությունից: