Հունվարի 16-ին Իրանում բանտից ազատել են ԱՄՆ-ի քաղաքացի, իրանական ծագումով հովիվ Սաիդ Աբեդինիին: Իրանի իշխանությունները հովվին ձերբակալել էին 2012թվականի սեպտեմբերին, երբ Աբեդինին հերթական անգամ հումանիտար առաքելությամբ այցելել էր Իրան: Նրան մեղադրել էին մուսուլմաններին քրիստոնեության դարձնելու համար և դատապարտել էին 8 տարվա բանտարկության: Բանտում Սաիդ Աբեդինին բազմիցս ենթարկվել էր հարձակումների և ծեծի բանտարկյալների և բանտի հսկիչների կողմից: Հովվի համար աղոթում էին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, նրա ազատ արձակման համար բազմաթիվ երկրների քաղաքական և հոգևոր գործիչներ ամենաբարձր մակարդակներում բանակցություններ էին անցկացնում պաշտոնական Թեհրանի հետ: Նախորդ տարի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Աբեդինիի կնոջ հետ հանդիպման ժամանակ հովվի բանտից ազատվելը անվանել էր իր առաջնահերթ խնդիրներից մեկը և խոստացել էր հնարավոր ամեն բան անել Սաիդ Աբեդինիին տուն վերադարձնելու համար: << Սաիդի բանտից ազատվելը մեր աղոթքների պատասխանն է: Շնորհակալ ենք միլիոնավոր մարդկանց, ովքեր մեզ հետ միասին աղոթում էին այդ դժվար ժամանակաշրջանում>>-հայտարարել էր հովվի կինը`Նագմեհ Աբեդինին The Washington Post-ին տված հարցարզույցում:
Բացի հովվից Իրանի բանտից ազատել են ԱՄՆ-ի քաղաքացի ևս երեք կալանավորների` The Washington Post-ի Թեհրանի գրասենյակի ղեկավար Ջեյսոն Ռեզաիանը, ծովային նախկին սպա Ամիր Հեքմաթին, իսկ երրորդ բանտարկյալի մասին մանրամասներ չեն հաղորդվել: