Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հակաահաբեկչական հատուկ ծառայությանը հանձնարարել է արագ հետաքննել կաթոլիկ տաճարի հրդեհման դեպքը: Մինչ այդ հրդեհման գործը գտնվում էր ոստիկանության վարույթում: Տաճարը կառուցված է այն վայրում, որտեղ Հիսուսը բազմացրել էր հացը և ձուկը: << Տաճարի հրդեհումը դա հարձակում է բոլորիս դեմ: Իսրայելում կրոնի ազատությունը հիմնային արժեքներից մեկն է և երաշխավորված է օրենքով: Այս հանցագործություն կատարողները իրենց վրա կզգան օրենքի ամբողջ խստությունը>>-հայտարարել է վարչապետը: Տեղեկացնենք, որ եկեղեցին պատկանում է Բենեդիկտյան միաբանությանը: Քրիստոնյաների համաձայն`խորանի հիմքում դրված է այն քարը, որի վրա դրված են եղել հինգ հացերը և երկու ձուկը, որոնցով Հիսուսը կերակրել էր 5 հազար մարդու: Տաճարը հրդեհից շատ է տուժել: Բենեդիկտյան միաբանության անդամների հետ զրուցել է նաև Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Նա հավաստիացրել է, որ բոլոր միջոցները ձեռք կառնվեն հանցագործներին գտնելու և պատժելու համար: << Ես ցնցված եմ: Նման հրեշավոր ձևով պղծել են հինավուրց և սրբազան վայրը: Սա հարձակում էր մեզ համար թանկ արժեքների դեմ : Մեր երկրում տարբեր կրոնների հետևորդները ձգտում են ապրել խաղաղությամբ` հարգելով և հանդուրժելով միմյանց հավատը: Նման հանցագործություն կատարողները մեծ վնաս են հասցնում Իսրայելին>>-ասել էր նախագահը: