InterPressNews-ի տեղեկացմամբ` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում << Միջազգային թափանցիկություն–Վրաստան>> կազմակերպության գրասենյակի առջև հոգևորականությունը և մի քանի թեմերի անդամները խաղաղ ցույց – աղոթք են անցկացրել: Մասնակիցները պահանջում էին արգելել հակապետական կազմակերպությունները: <<Ուղղափառ ծնողների միության>> համանախագահ, ակցիայի մասնակից Ավթանդիլ Ունգիաձեն լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արևմուտքի կողմից ֆինանսավորվող մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ աջակցում են այլասերվածության տարածմանը Վրաստանում: Ըստ Ավթանդիլ Ունգիաձեի` այդ կազմակերպությունները արտահայտում են ոչ թե հասարակության կամքը, այլ իրենց պատվիրատուների կարծիքն են տարածում և հանդիսանում են արտասահմանյան պետությունների գործակալները Վրաստանում: Դրանց գործունեությունը հակապետական բնույթ ունի: << Ինչու են հենց այդ կազմակերպությունները հանդես գալիս օրենսդրական նախաձեռնություններով, ինչու են հենց նրանք հարցումներ անցկացնում: Նրանց թիվը մեծ չի, սակայն օգտվում են առաջին ձայնի իրավունքից և բարձր ամբիոններից>>-ասել էր Ունգիաձեն: Իսկ ավագ քահանա Դավիդ Կվլիվիձեն հայտարարել էր, որ երկրում պետք է գործեն ոչ կառավարական այնպիսի կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են ժողովրդի կողմից և արտահայտում են ժողովրդի շահերը, այլ ոչ թե օտար պետությունների: Քահանայի կարծիքով ներկայումս Վրաստանում գործող այդ կազմակերպությունների գործունեությունը դեմ է եկեղեցուն, ազգին, համամարդկային արժեքներին: Ուստի դրանց գործունեությունը պետք է սահմանափակել: