Բելգիայում մեծացել է տաճարներում գողության դեպքերի թիվը: Այս ամռան ընթացքում տաճարներից և մատուռներից գողացել են ծիսական ավելի քան 20 թանկարժեք առարկաներ: Այս թիվը երեք անգամ ավելի է անցյալ տարվա համեմատությամբ: Բելգիայի կրոնական արվեստի և մշակույթի կենտրոնը խոր մտահոգություն է հայտնել գողությունների թվի մեծացմամբ և խորհուրդներ է տվել, թե ինչ կարելի է անել գողությունների դեպքում: Կենտրոնի կարծիքով տաճարներում գողության շատ դեպքերի մասին ոստիկանությանը չեն տեղեկացնում կամ էլ հայտնում են ուշացումով, ինչը թույլ չի տալիս իրավապահներին օպերատիվ գործելու: Ոստիկաններին կհաջողվի գտնել գողոնը, եթե ժամանակին տեղեկացված լինեն: Մշակութային կենտրոնը խորհուրդ է տվել նաև լայնորեն տեղեկատվություն տարածել գողացված իրերի մասին, համացանցում տեղադրել լուսանկարները, նկարագրել գողացված ապրանքները, ինչը կնվազեցնի այդ իրերը վաճառելու հնարավորությունները: Հնարավոր է, որ մարդիկ, ովքեր գնել են այդ իրերը բարի կամք դրսևորեն և վերադարձնեն գողացվածը եկեղեցիներին: