Իսրայելյան լրատվամիջոցների համաձայն` Իսրայելի հետախուզական ծառայության`<<Մոսսադի>> նոր ղեկավար է նշանակվել վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յոսսի Կոենը: Նա շաբաթ օրը սինագոգում ունեցած իր ելույթում հայտարարել էր. << Առանց երկնային օգնության Իսրայել պետությունը չէր ստեղծվի: Ինչպես այն ժամանակ, ներկայումս էլ մենք Աստծո օգնության կարիքը ունենք>>-հայտարարել էր Յոսսի Կոենը: Նշենք, որ Կոենը համարվում է հրեականության ավանդական ուղղության հետևորդ: Նա պահում է պատվիրանները, շաբաթ օրերին հաճախում սինագոգ: Ծնվել և մեծացել է Երուսաղեմում, կրոնական հրեայի ընտանիքում: Երիտասարդ տարիներին սովորել էր <<Օր Էցիոն>> կրոնական հաստատությունում: Նրա ելույթի օրը սինագոգը լեփ լեցուն էր մարդկանցով: Շատերը այդ օրը եկել էին հատկապես Կոենին լսելու համար: Յոսսի Կոենի ելույթը նոր պաշտոնում նշանակվելու առիթով էր: Այդ օրը սինագոգում կարդալու էին Թորայի այն գլուխը, որը պատմում է Եգիպտոսի փարավոնի մոտ Հովսեփի ծառայության մասին: Կոենը զուգահեռներ տանելով հետախուզության աշխատանքի և Հովսեփի ծառայության միջև` ելույթը ավարտել էր <<Մոսսադ>>-ի կարգախոսով, որը վերցված է Առակաց գրքից.<<Առաջնորդություն չլինելիս ժողովուրդը կընկնի, բայց խորհրդատուների շատությունովը փրկություն կլինի>>( Առակաց 11:14): Սինագոգում ներկաներից մեկը նշել էր.<<Բոլորը մեծ ուշադրությամբ լսում էին նրա աստվածաշնչյան մեկնությունները: Նա շատ տպավորիչ և ազդեցիկ մարդ է: Իրոք հետաքրքիր էր նրան լսելը>>: