Կանադայի իշխանությունները մտահոգություն են հայտնել Հյուսիսային Կորեայի Գերագույն դատարանի կայացրած վճռի առնչությամբ, համաձայն որի Կանադայի քաղաքացի, ազգությամբ կորեացի քրիստոնյա հովիվ, 60-ամյա Հեն Սու Լիմին դատապարտել են ցմահ բանտարկության: <<Կանադան անհանգստացած է չափազանց խիստ դատավճռով`հատկապես հաշվի առնելով պարոն Լիմի տարիքը և թույլ առողջությունը>>-հայտարարել է Կանադայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ֆրանսուա Լասալը: Նրա խոսքով չնայած բազմաթիվ հարցումներին, կանադացի պաշտոնատար անձանց արգելել են հանդիպել բանտարկված հովվի հետ: Փաստորեն այս կերպ Հյուսիսային Կորեան խախտել է դեսպանատների փոխհարաբերությունների վերաբերյալ Վիենայի համաձայնագիրը: Նշենք, որ Հեն Սու Լիմը, ով միսիոներական և բարեգործական նպատակներով բազմիցս այցելել էր Հյուսիսային Կորեա, բանտարկվել է այս տարվա հունվարին: Նրան մեղադրում են իշխանափոխություն կատարելու փորձի համար: Հուլիսին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քրիստոնյա հովիվը <<ընդունել>> էր իր մեղքը: