Համաշխարհային Քրիստոնեական Խորհրդի ներկայացուցիչները պատմել են ներկայումս կրոնի, եկեղեցիների և կրոնական համայնքների դերի մասին ամբողջ աշխարհում: Այս մասին տեղեկացնում է Խորհրդի մամուլի ծառայությունը: <<Քրիստոնեությունը իր ավանդն է ներդնում մարդկանց սոցիալական հիմնական պահանջների բավարարման գործում: Մենք դա հստակ տեսնում ենք կրթության, առողջպահության ոլորտներում: Միջագային հանրությունը ընդունում է նաև կրոնի և կրոնական գործիչների նշանակալի դերը պատերզմական և այլ կոնֆլիկտների ժամանակ: Նրանք հումանիտար օգնություն են տրամադրում, հոգևոր և նյութական աջակցություն ցուցաբերում տուժածներին, զոհերի հարազատներին: Տասնամյակներ շարունակ եկեղեցիները և քրիստոնեական համայնքները կարողացել են հումանիտար և այլ տեսակի օգնություն հասցնել այնպիսի շրջաններ, որտեղ լիարժեք մուտք չեն ունեցել նույնիսկ իշխանությունները>>-ասել էր Համաշխարհային Քրիստոնեական Խորհրդի ղեկավար Յան Վոլկովը: Նրա խոսքով կրոնը կարևոր դեր է կատարում ցանկացած հասարակության մեջ և շատերի համար արժեքների ամենահեղինակավոր կրողն է: Քաղաքական ցանկացած համակարգ պետք է լրջորեն վերաբերվի կրոնին, քանի որ հավատքը ձևավորում է շատ մարդկանց աշխարհայացքը: << Մենք մշտապես կոչ ենք անում հարգել և պաշտպանել մարդկանց իրավունքները ամբողջ աշխարհում: Կարող ենք վկայել, որ տարբեր եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների համագործակցությունը շատ արդյունավետ է տարբեր կոնֆլիկտների լուծման հարցում, աղքատության, բնապահպանական և սոցիալական ճգնաժամերի, ճնշումների և անարդարության դեմ պայքարում>>-եզրափակել էր Յան Վոլկովը: