Փետրվարի 8-ին Վիետնամում լուսնային օրացույցով տոնելու են Նոր տարին: Այդ կապակցությամբ Վիետնամի Կաթոլիկ եկեղեցին կազմակերպել և իրականացնում է մի շարք բարեգործական և սոցիալական նախագծեր, որոնք օգնելու են աղքատ և կարիքավոր միլիոնավոր վիետնամցիների: Այս մասին տեղեկացնում է AsiaNews գործակալությունը: Բարեգործական այս նախաձեռնության հեղինակը Բարեգործության հարցերով եպիսկոպոսական հանձնաժողովի փոխնախագահ, Ֆաթզիեմ թեմի եպիսկոպոս Ջոզեֆ Նգուեն Վան Իենն է: Հունվար ամսին նա այցելել էր երկրի աղքատ և գյուղական շրջանների բազմաթիվ համայնքներ, որից հետո Եպիսկոպոսական հանձնաժողովը դիմել էր Վիետնամի կաթոլիկ 26 թեմերին`կոչ անելով օգնել կարիքավորներին և որբ երեխաներին, ովքեր ապրում են անմարդկային պայմաններում: Միջազգային բարեգործական <<Caritas>> հիմնադրամը բժիշկների ասոցիացիային հրավիրել էր այցելել Հոշիմինի թեմի բոլոր համայնքները, որի ժամանակ բուժզննում էին անցել և անվճար դեղեր էին ստացել ավելի քան 400 աղքատ հիվանդներ, այդ թվում միայնակ տարեցներ, որբ երեխաներ և հաշմանդամներ: Բացի դա բժիշկները հոգեբանական օգնություն էին ցուցաբերել և խորհրդատվություններ անցկացրել: Վերջին 20 տարիների ընթացքում Նոր տարվա առիթով բազմաթիվ բարեգործական միջոցառումների թվում Ֆաթզիեմ թեմի պատվիրակությունը այցելում է նաև բորով հիվանդներին: <<Caritas>> հիմնադրամը Վիետնամում բարեգործական նախագծերի իրականացմանը մասնակից է դարձնում կանանց և տղամարդկանց վանական միաբանությունների և աշխարհիկ մարդկանց, ովքեր ցանկություն ունեն օգնել մյուսներին