Բողոքական բարեգործական <<Open Doors>>կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնել Ստամբուլում բնակվող 15 հովիվների անվտանգության վերաբերյալ: Օգոստոսի 27-ից սկսած հովիվները պարբերաբար մահվան սպառնալիքներ են ստանում: Այդ հաղորդագրությունները ուղարկում են էլեկտրոնային փոստով, հեռախոսին կամ էլ գրվում են Facebook սոցիալական ցանցում: Սպառնալիքների ոճը և բովանդակությունը վկայում են, որ հեղինակները իսլամիստ արմատականներ են: Հովիվներից մեկի խոսքով էլեկտրոնային նամակում սպառնացել էին նրան գլխատել. <<Նրանք ասում են, որ մենք ենք պատասխանատու քրիստոնեություն ընդունած մուսուլմանների համար և Ալլահի կամքով մեզ պետք է գլխատեն>>: Թուրքիայի բողոքական քրիստոնյաների ասոցիացիայի համաձայն քրիստոնյաները ընտելացել են սպառնալիքներին, սակայն վերջին շաբաթներին դրանց թիվը կտրուկ ավելացել է և հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ հաղորդագրությունները սկսել են պարբերաբար գալ: Կարծիքներ կան, որ այդ բոլոր սպառնալիքների ետևում նույն անձինք են կանգնած: Նամակների մեծ մասում օգտագործված է Ղուրանից նույն հատվածը: Իսկ վերջերս ստացված սպառնալիքում գրված էր.<<Ձեր մահապատժի ժամանակը մոտեցել է, փառք և գոհություն Ալլահին>>: Բացի դա YouTube-ում տեսաերիզ է հայտնվել, որում արդարացնում են իսլամից հրաժարված անձանց սպանությունը: Նշենք, որ Թուրքիան <<Open Doors>>կազմակերպության կողմից հրապարակվող երկրների ցուցակում է, որոնցում քրիստոնյաները ամենից շատ են ենթարկվում հալածանքների: Իրավապաշտպանների կարծիքով այդ երկրում քրիստոնյաների հալածանքների պատճառը իսլամական ծայրահեղականությունն է և ազգայնականությունը: