Christian Post-ի համաձայն << Ազատության ինստիտուտ>> քրիստոնեական փաստաբանական կազմակերպությունը ԱՄՆ-ի տիեզերական կենտրոնի` NASA-ի ղեկավարությանը մեղադրել է այն բանի համար, որ քրիստոնյա աշխատակիցներին արգելել է կենտրոնի լրատվական տեղեկագրում նշել Հիսուսի անունը: 2001 թվականից Հյուսթոն քաղաքում գտնվող տիեզերական կենտրոնում գործում է երկրպագության և փառաբանության ակումբ, որը կոչվում է <<Հիսուսը մեր կյանքն է >>: Աշխատանքային ընդմիջման ժամանակ աշխատակիցները հավաքվում են ակումբում, որտեղ կարող են շփվել,Աստվածաշունչ կարդալ, փառաբանել Աստծուն: Ակումբի աշխատանքի մասին մշտապես հրապարակում են տիեզերական կենտրոնի էլեկտրոնային լրատվական տեղեկագրում, միաժամանակ նշվում է ակումբում քննարկվող թեման: Նախորդ տարի NASA-ի ղեկավարությունը տեղեկացրել էր աշխատակիցներին, որ Հիսուսի անունը այլևս չի նշվելու տեղեկագրում: << Ազատության ինստիտուտ>> կազմակերպության ավագ խորհրդական, փաստաբան Ջերեմի Դիսը հայտարարել է, որ զբաղվելու է այդ գործով, քանի որ բոլոր ամերիկացիները, այդ թվում պետական ծառայողները իրավունք ունեն ազատ արտահայտել իրենց հավատքը: <<Ազատության ինստիտուտ>>-ը պաշտոնական նամակ է ուղարկել NASA-ի ղեկավարությանը, որում նշված է, որ նման արգելքը ուղղակիորեն խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի և հավատքի ազատությունը: Եթե կենտրոնի ղեկավարությունը չփոխի իր որոշումը, ապա փաստաբանական կազմակերպությունը հայց է ներկայացնելու դատարան: