CWN գործակալության տեղեկացմամբ` Սիրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Իգնատիոս Յուսուֆ III Յունանը բացասական է գնահատել ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ: <<Հենց սկզբից սխալ մոտեցում էր Սիրիայի իրավիճակին: Սկզբում Արևմուտքը ցանկանում էր փոխել կառավարությունը: ԶԼՄ-ների միջոցով քարոզում էին, իբրև թե Բաշար Ասադը բռնակալ է և պետք է հեռանա իշխանությունից, որպեսզի երկրում դեմոկրատիա հաստատվի: Նրանք իրենց հաշվարկներում սխալվել են: Չի կարելի արևմտյան դեմոկրատիան արտահանել մի երկիր, որտեղ Եկեղեցին բաժանված չի պետությունից, որտեղ առկա է կրոնի գերիշխանությունը>>-ասել էր Պատրիարքը: Նշենք, որ անցյալ տարի Ռուսաստան կատարած այցի ժամանակ Պատրիարք Յունանը և Արևելքի Ասորի եկեղեցու Պատրիարք- Կաթողիկոս Մար Դինհի 4-րդը հայտարարել էին, որ իրենց եկեղեցիները և ժողովուրդները պաշտպանում են Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման խաղաղ գործընթացը, կողմ են քաղաքացիական երկխոսությանը և անթույլատրելի են համարում արտաքին միջամտությունը այդ տարածաշրջանի ներքին գործերին: Իգնատիոս Յուսուֆ III Յունանի խոսքով Մերձավոր Արևելքին ընդհանրապես պետք չի արևմտյան դեմոկրատիան, որը պարտադրվում է այդքան ծանր կորուստների գնով: