Մոսկվայում Ռուս եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը հանդիպել էր Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուի հետ: Պատրիարքը հույս էր հայտնել, որ Անգլիկան եկեղեցին կաջակցի քրիստոնյաների հալածանքների դեմ պայքարում: <<Կոնկրետ խնդիրը, որ մենք ցանկանում ենք լուծել Անգլիկան եկեղեցու և աշխարհի մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ միասին` դա քրիստոնյաների պաշտպանությունն է: Այն, ինչ որ կատարվում է Մերձավոր Արևելքում , Հյուսիսային Աֆրիկայում, Պակիստանում, Նիգերիայում և այլ երկրներում վկայում է քրիստոնյաների դեմ իրականացվող այնպիսի հալածանքների մասին, որոնք ավելի սարսափելի են Հռոմեական կայսրությունում և Խորհրդային Միությունում տեղի ունեցած հալածանքներից>>-ասել էր Պատրիարք Կիրիլը: Նրա խոսքով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ցեղասպանություն է իրականացվում և այդ բռնությունները կարելի է դադարեցնել միայն քաղաքական գործիչների և կրոնական առաջնորդների համատեղ ջանքերով: Պատրիարք Կիրիլը նշել էր, որ մտահոգող է նաև քրիստոնյաների վիճակը Արևմուտքի << բարեկեցիկ երկրներում>>, որտեղ հանդուրժողականության անվան տակ հավատացյալներին ստիպում են չբարձրաձայնել քրիստոնյա լինելու մասին: << Քրիստոնյաները նույն իրավունքները ունեն, ինչ որ այլ կրոնների հետևորդները և հատկապես Եվրոպայում, որովհետև Եվրոպան առաջացել է քրիստոնեության հիմքի վրա: Եվրոպան քրիստոնեական քաղաքակրթություն է, որը վերջին ժամանակներս հնարավորություն չունի իրեն քրիստոնեական անվանել >>- նշել էր Պատրիարքը: Ռուս եկեղեցու առաջնորդը հույս էր հայտնել Անգլիկան եկեղեցու հետ երկխոսության հաջող զարգացման համար: Նշենք, որ այս տարի լրանում է Մեծ Բրիտանիայում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայության 300 տարին: