Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը Դաշնային Խորհրդում ունեցած իր ելույթում հատկապես անդրադարձել էր ընտանիքի պահպանման և աջակցման հարցերին: <<Ներկայումս ընտանիքի ինստիտուտը պետության կողմից հատուկ պաշտպանության կարիք ունի: Անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով պաշտպանել ընտանիքի և ամուսնության ավանդական սահմանումները, միջոցներ ձեռք առնել ֆինանսական արժանավայել օգնություն տրամադրելու երիտասարդ, բազմազավակ և միակողմ ծնողազուրկ ընտանիքներին: Այս ամենը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկրի ու ժողովրդի ներկայի և ապագայի համար>>-հայտարարել էր Պատրիարքը: Նա նշել էր, որ ընտանիքը ավանդական հասարակության ամենաամուր և պահպանողական ինստիտուտներից է, ուստի ընտանիքի հոգևոր և բարոյական բարեկեցության խախտումը հարված է ամբողջ հասարակության բարեկեցությանը, ամբողջ երկրի և ժողովրդի ապագային: Պատրիարք Կիրիլի խոսքով ժամանակակից աշխարհում ազատության արժեքները իրականացնելու պատրվակով վտանգվում են ընտանիք և ամուսնություն հասկացությունների բովանդակությունը: << Որոշ երկրներում օրինականացրել են այսպես կոչված միասեռ ամուսնությունը, որը ամբողջապես հակասում է Աստծո պատվիրաններին և ամուսնության աստվածաշնչյան ուսմունքին, համաձայն որի ամուսնությունը միություն է կնոջ և տղամարդու միջև: Եվ այդ ամուսնությունների օրինականացումը մարդկային օրենքներով մեղքը արդարացնելու վառ օրինակ է: Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ պետական մակարդակով օրինականացնում են մեղքը և դեռ չգիտենք, թե հետագայում ինչ մեղքեր են օրինականացվելու >>: Ելույթի ավարտին Պատրիարք Կիրիլը նշել էր, որ ընտանիքի հետ կապված խնդիրներում ռուս եկեղեցին պատրաստ է աջակցել պետությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է զարգացնել պետության և կրոնական կազմակերպությունների համագործակցությունը: