Եկեղեցին և հասարակությունը պետք է հնարավոր ամեն ինչ անեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լավացման համար: Այս մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլը`մեկնաբանելով Հռոմի Պապի հետ ունեցած հանդիպման արդյունքները: <<Զրույցի ժամանակ շոշափել ենք նաև այս թեման: Մենք հանդիպեցինք այն ժամանակ, երբ Սիրիայի վրա մութ ամպեր են կուտակվում, պետությունների միջև պատերազմի սպառնալիք է ծագել, որը կարող է հանգեցնել անասելի ավերածությունների>> ասել էր Պատրիարքը: Ռուս եկեղեցու առաջնորդը նշել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բնակչության մեծ մասը քրիստոնյաներ են, նրանք դավանում են նույն արժեքները և պատկանում են քրիստոնյա ընտանիքին, ուստի Պատրիարքը կոչ էր արել օգտագործել ընդհանուր քրիստոնեական արժեքները կամուրջներ կառուցելու համար, որպեսզի ավելի չխորանա երկու երկրների հարաբերություններում արդեն առկա անդունդը: Նրա խոսքով նույնիսկ Խորհրդային Միության քրիստոնյաները ակտիվ հարաբերություններ ունեին Ամերիկայի քրիստոնյա համայնքի հետ:<<Պատվիրակություններ էին փոխանակվում, համատեղ կոնֆերանսներ էին անցկացվում, մենք ընդհանուր, քրիստոնեական մոտեցում էինք մշակել Խորհրդային Միության և Ամերիկայի միջև գոյություն ունեցող հակասությունների վերաբերյալ: Ինչու դա չանենք այսօր >>- նշել էր Պատրիարքը: Եզրափակելով խոսքը` ասել էր.<< Հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որպեսզի արմատապես դեպի լավը փոխենք մեր երկրների հարաբերությունները: Պետք է գիտակցենք, որ այդ երկու պետություններն էլ հզոր են, կարող են ոչնչացնել միմյանց և ամբողջ աշխարհը: Ոչ մի դեպքում չպետք է պատերազմ թույլ տալ>>: