Ռուս Ուղղափառ եկեղեցին դրական է գնահատել Ռուսաստանի կառավարության որոշումը, համաձայն որի թույլատրվում է ռուսական զինուժը օգտագործել Սիրիայում <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնել է Սինոդի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Վսևոլոդ Չապլինը: Իր հավանությունն է արտահայտել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը: <<Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու որոշում է ընդունել Զինված ուժերը օգտագործել սիրիացի ժողովրդին պաշտպանելու համար ահաբեկչությունից: Այս որոշման հետ մենք կապում ենք խաղաղության և արդարության հաղթանակը այդ հինավուրց հողում >>-ասել էր Պատրիարքը: Նրա խոսքով ուղղափառ մարդիկ ցավով են հետևում այդ տարածաշրջանում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող բռնություններին, հոգևորականների առևանգումներին և սպանություններին, տաճարների բարբարոսական ավերումներին: Ռուս եկեղեցու առաջնորդը շեշտել էր, որ իսլամիստ ահաբեկիչների վայրագություններից ոչ պակաս տառապում են նաև մուսուլմանները: <<Մաղթելով Սիրիային, Իրաքին և Մերձավոր Արևելքի մյուս երկրներին խաղաղություն, մենք աղոթում ենք, որպեսզի այդ դաժան տեղային կոնֆլիկտը չվերաճի մեծ պատերազմի, որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ չզոհվեն խաղաղ բնակիչները, որպեսզի բոլոր ռուս զինվորները ողջ վերադառնան>>- եզրափակել էր ռուս եկեղեցու առաջնորդը: