Christian Post-ի տեղեկացմամբ`Պակիստանի կրոնական փոքրամասնությունների հարցերով նախկին նախարար, ներկայումս << Կրոնական փոքրամասնությունների միության>> նախագահ Պոլ Բհատին հայտնել է, որ Պակիստանում սկսել են առաջադիմական քայլեր ձեռնարկվել կրոնի ազատության ոլորտում: Բհատիի խոսքով պակիստանցի ժողովուրդը երկար տարիներ ականատես է եղել կրոնական հողի վրա կատարվող բռնություններին, որոնց պատճառով զոհվել է 60 հազար մարդ: Ներկայումս երկրի բնակչությունը հանդուրժողականության է ձգտում: Պակիստանում աստվածանարգության օրենքով մահապատիժ է նախատեսված Ալլահին կամ էլ Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար, սակայն ոչ մի պատիժ նախատեսված չի կեղծ վկայությունների և սուտ մեղադրանքների համար: Ինչպես գիտենք, հենց սուտ մեղադրանքներով բազմաթիվ քրիստոնյաներ բանտերում են գտնվում: Վերջերս Պակիստանի Գերագույն դատարանը աստվածանարգության համար մահապատժի դատապարտված մի քանի անձանց դատավճիռը փոխարինել է ցմահ բանտարկությամբ, իսկ Ասիա Բիբիի մահապատժի կատարումը հետաձգել է անորոշ ժամանակով: Պոլ Բհատիի կարծիքով դա վկայում է այն մասին, որ Պակիստանում հնարավոր է ձևավորել խաղաղ, հանդուրժող և բազմակարծիք հասարակություն: Նշենք, որ Պոլ Բհատին Պակիստանի հայտնի քաղաքական գործիչ, երկրում առաջին քրիստոնյա նախարար Շահբազ Բհատիի եղբայրն է: Շահբազ Բհատին սպանվել է 2011 թվականին թալիբան գրոհայինների կողմից, երբ հանդես էր եկել Ասիա Բիբիի պաշտպանությամբ և քննադատել էր աստվածանարգության օրենքը: