The Washington  Times  թերթի համաձայն ամերիկյան  հետազոտական LifeWay Research կազմակերպության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ քրիստոնյաների համար ԱՄՆ-ում բնակվելը  ավելի ու ավելի անհարմարավետ է  դառնում: Ամերիկացիների 63%-ի կարծիքով   ԱՄՆ-ում քրիստոնյաները  բախվում են աճող  անհանդուրժողականության հետ, իսկ  կրոնական ազատությունը նվազել է: Մեծացել է այն ամերիկացիների թիվը, որոնց կարծիքով  <<քրիստոնյաները շատ են բողոքում>> իրենց հանդեպ  ոչ ճիշտ վերաբերմունքից: Ուսումնասիրությունը կատարվել էր անցյալ տարվա աշնանը, հարցումներին մասնակցել էր  1000 մարդ երկրի ամբողջ տարածքում: The Washington  Times-ը նշել էր, որ  հարցումները անցկացվել են այն ժամանակ, երբ  ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշմամբ    միասեռ ամուսնությունները օրինականացվել են  բոլոր նահանգներում: << Այդ որոշումը  ավելի էր բորբոքել վիճաբանությունները  այն մասին, թե որտեղ է ավարտվում կրոնական ազատությունը և սկսվում խտրական վերաբերմունքը>>-գրել է թերթը: Հոդվածում  նշված  է նաև, որ երկրի մի քանի նահանգներում  արդեն փորձում են   պաշտպանել  հավատացյալների  զգացմունքները: Նոր օրենքներ են ընդունում, որոնք վերականգնում են   կրոնական ազատությունը: Սակայն  սեռական փոքրամասնությունները կատաղի դիմադրություն են ցուցաբերում այդ օրենքների ընդունմանը` հայտարարելով որ այդ օրենքները  խտրական են: Մի քանի նահանգներում  բիզնես  միությունները  կոշտ վերաբերմունք էին դրսևորել նման օրենքների ընդունման դեմ: Հենց այս պատճառով վերջերս Ջորջիա նահանգի նահանգապետը  արգելել էր այն օրինագիծը, որը թույլ կտար հոգևորականներին չպսակադրել միասեռ զույգերին, իսկ կրոնական կազմակերպություններին հրաժարվել համասեռամոլներին որևէ ծառայություն մատուցելուց: