Ռուս եկեղեցու Սինոդի եկեղեցական արտաքին կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնը հեղինակային << Եկեղեցին և աշխարհը>> հեռուստածրագրի ժամանակ զուգահեռներ էր անցկացրել ԽՍՀՄ-ի և ներկայիս Եվրոպայի միջև: <<Խորհրդային Միությունը աթեիստական պետություն էր, իսկ Արևմուտքը համարվում էր քրիստոնեական: Սակայն ներկայումս հակառակն է: Ռուսաստանում վերածնվում է հավատքը, Եկեղեցին, նոր տաճարներ են կառուցվում, բացվում են մենաստաններ, հոգևոր կրթական հաստատություններ, իսկ Արևմուտքում աստիճանաբար անկում է ապրում կրոնականությունը, փակվում են տաճարները>>-ասել էր միտրոպոլիտը: Նրա խոսքով աշխարհականացումը և աթեիզմը փաստացի դարձել են Արևմտյան Եվրոպայի գաղափարախոսությունը: << Եկեղեցին դեռ այն աստիճանի չի հալածվում, ինչպես Խորհրդային Միությունում, սակայն ժամակակաից աշխարհիկ Եվրոպայի գաղափարախոսությունը հասարակական ոլորտից բացառում է Եկեղեցին և կրոնը: Այսինքն դուք կարող եք որպես մասնավոր անձ կրոնական լինել, սակայն դա չպետք է ազդի ձեր հասարակական դերի և մասնագիտական գործունեության վրա>>-նշել էր Միտրոպոլիտ Իլարիոնը: Նա հույս էր հայտնել, որ ամենաթողությամբ տարված Եվրոպան կսթափվի, մարդիկ կսկսեն վերադառնալ քրիստոնեական արմատներին: