Պակիստանի Լահոր քաղաքում, որտեղ հատկապես ուժեղ է կրոնական անհանդուրժողականությունը, Միջկրոնական երկխոսության խորհուրդը Սուրբ Ծնունդի թեմայով հանդիպում էր կազմակերպել: Հանդիպման ծրագիրը պատրաստել էր խորհրդի համակարգող, կաթոլիկ քահանա Ֆրենսիս Նադիմը: Հանդիպմանը ներկա էին եղել Փենջաբ նահանգի փոքրամասնությունների և մարդու իրավունքների նախարար, կաթոլիկ Հալիլ Թահիր Սինդհուն, քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներ և մուսուլման հոգևոր առաջնորդներ: Հանդիպման մասնակիցները միասին աղոթել էին, հատվածներ ընթերցել Աստվածաշնչից և Ղուրանից: Կայացել էր նաև կլոր սեղան, որի ժամանակ հայտարարել էին. <<Ամբողջ աշխարհը կանգնած է ահաբեկչական մարտահրավերի առաջ, շատ արյուն է թափվում: Քրիստոնյաները և մուսուլմանները պետք է աջակցեն խաղաղությանը և միջկրոնական համաձայնությանը>>: Քահանա Ֆրենսիս Նադեմը շնորհակալություն էր հայտնել հանդիպմանը մասնակցած կրոնական առաջնորդներին և հույս էր հայտնել , որ տարբեր կրոնների հետևորդների համագործակցության շնորհիվ << հասարակության մեջ, ընտանիքներում և պակիստանցի ժողովրդի մեջ արմատախիլ կարվի ատելությունը, խտրականության ցանկացած տեսակը,փոխարենը ծիլեր կարձակեն խաղաղության և հանդուրժողականության սերմերը>>: