Հունվարի 28-ին Մարոկոյի Մարաքեշ քաղաքում ավարտվել է <<Մուսուլմանական երկրներում կրոնական փոքրամասնությունների իրավունքները>> թեմային նվիրված միջազգային լայնամասշտաբ կոնֆերանսը, որին մասնակցել էին ավելի քան 300 քաղաքական, կրոնական և գիտական գործիչներ Իրանից, Եգիպտոսից, Իրաքից, Պակիստանից և արաբական մյուս երկրներից, ինչպես նաև Ռուսաստանից: Լրատվամիջոցների տեղեկացմամբ քննարկումներին հրավիված էին մասնակցելու քրիստոնյա, հրեա, հինդու և այլ կրոնական առաջնորդներ: Կոնֆերանսը կազմակերպել էր Մարոկոյի Իսլամի հարցերով նախարարությունը Մուհամեդ VI թագավորի բարձր հովանավորությամբ: Կոնֆերանսի աշխատանքների արդյունքում ընդունվել է << Մարաքեշի հռչակագիրը>> , համաձայն որի միջազգային հանրությունը պետք է օրենքներ ընդունի, որոնք հանցագործություն կհամարեն կրոնի վիրավորանքը, ոտնձգությունները սրբություն համարվող արժեքների դեմ, ինչպես նաև ատելություն և ռասիզմ հրահրող ցանկացած ելույթ: Հռչակագրում հատկապես շեշտված է մուսուլմանական երկրներում կրոնական փոքրամասնություններին իրավունքներից զրկելու համար իսլամը օգտագործելու անթույլատրելիության մասին: Կոնֆերանսի մասնակիցները իսլամական երկրների քաղաքական գործիչներին կոչ են արել իրականացնել սահմանադրական, քաղաքական և իրավական բոլոր միջոցները` ապահովելու միջկրոնական հանդուրժողականությունը: Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ահաբեկչական իսլամական խմբավորումների գործունեության հետևանքով Մերձավոր Արևելքում, Աֆրիկայի որոշ երկրներում զգալիորեն ավելացել են հալածանքները քրիստոնյաների դեմ: Open Doors միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով միայն 2015թվականին հավատքի համար զոհվել է ավելի քան 7 հազար քրիստոնյա: