Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Ֆրանցիսկ I Պապի և Պատրիարք Կիրիլի առաջիկա հանդիպումը, որը տեղի է ունենալու փետրվարի 12-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայի հարևանությամբ գտնվող Խոսե Մարտի օդանավակայանում: Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի հայտարարության համաձայն հանդիպումը տևելու է ավելի քան 2 ժամ: Մոսկվայի պատրիարքությունը և Սուրբ Գահը հուսով են , որ եկեղեցական առաջնորդների պատմական այս հանդիպումը մի նոր մակարդակի կհասցնի Հռոմեա- կաթոլիկ և Ռուս ուղղափառ եկեղեցիների հարաբերությունները: Ռուս եկեղեցու և Վատիկանի մամուլի ծառայությունների համատեղ հայտարարության մեջ ասված է.<<Երկար ժամանակ նախապատրաստվող այս հանդիպումը վկայում է երկու եկեղեցիների միջև հարաբերությունների նոր փուլի սկսման մասին>>: Ֆրանցիսկ Պապի և Պատրիարք Կիրիլի հանդիպման ժամանակ քննարկվող գլխավոր թեման քրիստոնյաների հալածանքներն են Մերձավոր Արևելքում: Հանդիպման արդյունքների հիման վրա համատեղ հռչակագիր է ստորագրվելու: Նշենք, որ հանդիպման օրը փետրվարի 12-ն է ընտրվել այն պատճառով, որ Պատրիարք Կիրիլը Լատինական Ամերիկայի երկրներ կատարելիք այցի շրջանակներում փետրվարի 11-ին ժամանելու է Կուբա: Այդ նույն ժամանակ Պապը Հավանայում կանգ է առնելու Մեքսիկա կատարելիք այցը շարունակելու համար: Նշենք, որ Ռուս ուղղափառ և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների հանդիպումը նախապատրաստվում էր ավելի քան 20 տարի շարունակ: Կաթոլիկ եկեղեցին բազմիցս առաջարկել էր հանդիպել, սակայն Մոսկվայի պատրիարքությունը մերժել էր նշելով, որ դա հնարավոր կլինի միայն երկու եկեղեցիների միջև հակասությունները վերացնելուց հետո: Ռուս եկեղեցին դժգոհ է Արևմտյան Ուկրաինայում հունա-կաթոլիկ եկեղեցու գործունեությունից, ինչի արդյունքում Արևմտյան Ուկրաինայում փաստացի դադարել են գործել ուղղափառ թեմերը: