Ռուսաստանի <<Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնք>>բարեգործական կազմակերպությունը օգնելու է Սիրիայում պատերազմի հետևանքով ավերված սրբավայրերի, հոգևոր և մշակութային հուշարձանների վերանորոգման և վերականգման աշխատանքներում: Նման համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեպաշինի և Ռուս եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հանդիպման ժամանակ: Կազմակերպության փոխնախագահ Ելենա Ագապովան տեղեկացրել էր, որ հումանիտար 15-րդ օգնությունն են ուղարկելու Սիրիա, ինչպես նաև Լիբանանում տեղակայված սիրիացի փախստականների ճամբար: Նշենք, որ <<Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնք>>-ը Ռուսաստանի ամենահին ոչ կառավարական բարեգործական կազմակերպությունն է , որը ստեղծվել է 1882 թվականին Ալեքսանդր 3-րդ ցարի կարգադրությամբ: Այդ կառույցի նպատակն էր կազմակերպել ռուս հավատացյալների ուխտագնացությունը Մերձավոր Արևելքի սրբավայրեր, աջակցել արտասահմանում Ռուս եկեղեցու ծառայությանը, լուսավորչական գործունեություն իրականացնել Մերձավոր Արևելքում, գիտականորեն ուսումնասիրել Սուրբ Երկրի պատմական ժառանգությունը: Ներկայումս Ռուսաստանում և արտասահմանում գործում են կազմակերպության մի քանի տասնյակ բաժանմունքներ , որոնց աշխատակիցների թիվը հասնում է հազարի: Կազմակերպությունը արդեն մի քանի տարի օգնում է Սիրիայի քրիստոնյաներին և մուսուլմաններին: