Ամերիկացի կաթոլիկ եպիսկոպոս Քևին Ռոդսը դեմ է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին Նոտր Դամ կաթոլիկ համալսարանի բարձրագույն պարգևին արժանացնելուն: Բայդենը հրապարակավ աջակցում է միասեռ ամուսնություններին և հղիության արհեստական ընդհատումներին, ուստի եպիսկոպոսի կարծիքով նման հայացքներ ունեցող անձը չի կարող ճշմարիտ կաթոլիկ համարվել: Նոտր Դամ համալսարանի տնօրենին ուղարկած նամակում Քևին Ռոդսը գրել է. <<Եկեղեցին մշտապես հիշեցնում է պաշտոնատար անձանց` հատկապես կաթոլիկություն դավանողներին, որ յուրաքանչյուրի սրբազան պարտքն է դեմ կանգնել այն օրենքներին, որոնք թույլատրում են հղիության արհեստական ընդհատումներ և ոչնչացնում են ավանդական ամուսնության հասկացությունը: Ես համաձայն չեմ, որ նման բարձր պարգևի արժանանա այն մարդը, ով բացահայտ կողմ է այդ օրենքներին: Կաթոլիկ համալսարաններում սովորեցնում ենք կյանքում հավատարիմ մնալ կարևոր պատվիրաններին և դա պետք է տեսնենք նաև այն մարդկանց կյանքում, որոնց ցանկանում ենք պարգևատրել>>: Նշենք, որ Նոտր Դամ համալսարանը ամեն տարի պատվո շքանշանով պարգևատրում է այն կաթոլիկներին, ովքեր ավանդ ունեն քրիստոնեական արժեքների տարածման գործում: Մրցանակը շնորհվում է 1883 թվականից: Այդ պարգևին արժանացել են բազմաթիվ հոգևորականներ, փիլիսոփաներ, պատմաբաններ, գրողներ, դիվանագետներ և քաղաքական գործիչներ: Համալսարանի ղեկավարության որոշմամբ այս տարի պարգևին արժանացել են դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը և հանրապետական կոնգրեսական Ջոն Բեյները: