Վատիկանի հրեաների հետ փոխհարաբերությունների հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին հրապարակել է պատմական փաստաթուղթ`<<Աստծո պարգևները և կոչումը անդառնալի են>>, որում ներկայացված են նոր սկզբունքները կաթոլիկության և հուդայականության փոխհարաբերություններում:Փաստաթղթում ասված է, որ այսուհետ կաթոլիկները չեն փորձելու հրեաներին քրիստոնեության դարձնել և միսիոներական գործունեություն չեն ծավալելու հրեաների շրջանում: Դրա փոխարեն կաթոլիկները հրեաներին ընդունելու են որպես Աստծո Խոսքի կրողներ: Փաստաթղթի համաձայն հրեաները և կաթոլիկները պետք է եղբայրական երկխոսության շնորհիվ ավելի լավ ճանաչեն միմյանց, հաշտվեն, համատեղ աշխատեն արդարության, խաղաղության համար և պայքարեն հակահրեականության ցանկացած դրսևորման դեմ: Նշենք, որ նոր փաստաթուղթը կապված է ոչ քրիստոնյա կրոնների նկատմամբ Կաթոլիկ եկեղեցու փոխհարաբերությունների մասին հռչակագրի ընդունման 50-ամյակի հետ: Այդ հռչակագրում կաթոլիկ եկեղեցին հանել էր հրեաների դեմ Հիսուս Քրիստոսին խաչելու դարավոր մեղադրանքը: