CNA-ի համաձայն` Կանադայում կաթոլիկ եպիսկոպոսները, բողոքական միությունը, հրեա և մուսուլման առաջնորդները միաբանվել են բողոքելու էվթանազիայի օրինականացման դեմ: Կրոնական առաջնորդները հռչակագիր են ընդունել էվթանազիայի մասին, որում ասված է. <<Հիմնվելով մեր կրոնական համոզմունքների վրա, պնդում ենք, որ մարդուն կյանքից զրկելուն ուղղված ցանկացած գործողություն – բարոյական չի>>: Հռչակագրի համաձայն հիվանդների հանդեպ ուշադրությունը և խնամքն են լավագույնս հաստատում մարդկային կյանքի արժանապատվությունը: Նշենք, որ հռչակագրի ընդունումը պատասխան էր Կանադայի Գերագույն դատարանի ընդունած որոշմանը, համաձայն որի բժիշկները կարող են օգնել ինքնասպանություն կատարել անբուժելի և հիվանդությունից խիստ տառապող անձանց: Իսկ նախկինում նման արարքի համար մինչև 14տարվա բանտարկություն էր նախատեսված: Կրոնական առաջնորդների հայտարարությունը հռչակում է մարդկային կյանքի անձեռնմխելիությունը: Հռչակագրի համաձայն` օգնել մարդկանց արժանավայել ապրելու և մեռնելու, նշանակում է նրանց շրջապատել սիրով և հոգատարությամբ, ապահովել բարձրորակ ցավազրկիչ դեղերով , ցուցաբերել հոգևոր և հոգեբանական աջակցություն: Կրոնական առաջնորդները հայտարարել էին նաև, որ առողջապահության ոլորտի աշխատակիցները պետք է հետևեն կյանքի հաստատման էթիկային: