Եմենի Ադեն քաղաքում մի խումբ դիմակավոր ահաբեկիչներ հրկիզել են սուրբ Հովսեփի տաճարը: Նախնական տվյալներով այդ անձինք <<Ալ Քաիդա>>-ի անդամներ են: Այս եկեղեցին քրիստոնեական վերջին գործող տաճարներից էր Եմենում: Տաճարը գտնվում է Ադենի պատմական կենտրոնում, որը հսկում են կառավարությանը հավատարիմ ուժերը: Նշենք, որ Եմենի կաթոլիկ թեմերը Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի թեմերի հետ միասին պատկանում են Հարավային Արաբիայի փոխանորդությանը, որը ղեկավարում է շվեյցարացի եպիսկոպոս Պաուլ Խինդերը: Եմենի բնակչության 99%-ը մուսուլմաններ են: Երկրի հյուսիսում քրիստոնեական ոչ մի տաճար չկա, իսկ Ադենում վերջերս գործում էին 4 քրիստոնեական տաճարներ, որոնցից երեքը կաթոլիկ էին, իսկ մեկը անգլիկան: Ընթացիկ տարվա մայիսին Սաուդյան Արաբիայի օդուժի ռմբակոծության հետևանքով խիստ տուժել էր Ադենի կաթոլիկ տաճարներից ևս մեկը: