Fides գործակալության տեղեկացմամբ` Իրաքի խորհրդարանը մերժել է քրիստոնյա պատգամավորների երեխաների հավատքի վերաբերյալ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը: Այդ օրենքի համաձայն, եթե ծնողներից մեկը մուսուլման է, իսկ մյուսը ոչ, ապա երեխան ինքնաբերաբար մուսուլման է համարվում: Քրիստոնյա պատգամավորները առաջարկել էին օրենքում փոփոխություն կատարել,համաձայն որի երեխաները կարող են ինքնուրույն ընտրություն կատարել չափահաս դառնալուց հետո: Փոփոխության օգտին քվեարկել էր 51պատգամավոր, իսկ դեմ`137-ը: Օրենքի փոփոխության օգտին ակտիվորեն հանդես է գալիս Քաղդեական եկեղեցու պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոն: Սեպտեմբերին նա նամակ էր ուղարկել խորհրդարան, որում նշել էր, որ այդ օրենքը հակասում է Իրաքի սահմանադրությանը, որը երաշխավորում է <<քաղաքացիների պաշտպանությունը քաղաքական, մտավոր կամ կրոնական ցանկացած ճնշումներից>>: <<Քրիստոնյաները հարգում են կրոնի ընտրության ազատությունը, եթե կրոնը փոխելու որոշումը բռնությամբ չի կատարվում>>-հայտարարել էր Պատրիարքը: