Հունվարի 27-ին Վատիկանում Հռոմի Պապը ընդունել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Հանդիպումը տեղի էր ունեցել Առաքելական պալատի պապական գրադարանում և տևել էր մոտ 40 րոպե: Իրանի նախագահին ուղեկցել էր 12մարդուց բաղկացած պատվիրակությունը: Վատիկանի մամուլի ծառայության հայտարարության համաձայն հանդիպումը անցել էր ջերմ մթնոլորտում: Քննարկել էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության, Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման գործում Իրանի դերի կարևորության, ահաբեկչության և զենքի ապօրինի առևտրի դեմ պայքարի հարցերը: Անդրադարձել էին միջկրոնական երկխոսության կարևորությանը և խաղաղության ու հանդուրժողականության հաստատման հարցում կրոնական բոլոր համայնքների պատասխանատվությանը: Հանդիպման արդյունքում կողմերը նշել էին, որ Վատիկանը և Իրանը ունեն << հոգևոր ընդհանուր արժեքներ>> և երկու պետությունների միջև գոյություն ունեն լավ հարաբերություններ: Զրույցի ավարտին կողմերը նվերներ էին փոխանակել: Իրանի նախագահը Պապին նվիրել էր պարսկական ձեռագործ գորգ և գիրք, իսկ կաթոլիկ Հովվապետը սուրբ Մարտինի պատկերով մեդալ և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված իր գիրքը: Պապի հետ հանդիպումից հետո իրանական պատվիրակությունը զրուցել էր Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ: