Ապրիլի 29-ին Հռոմի հայտնի Տրեվի շատրվանը կգունավորվի կարմիր գույնով: Այս կերպ <<Եկեղեցու օգնությունը կարիքի ժամանակ>> միջազգային բարեգործական հիմնադրամը ցանկանում է հիշեցնել հալածվող քրիստոնյաների մասին, քրիստոնյաների, որոնց արյունն է թափվում հավատքի համար: << Հավատքի ազատության իրավունքի խախտումները, հատկապես քրիստոնյաների նկատմամբ պետք է դառնան հասարակական քննարկումների կենտրոնական հարցը, որպեսզի խուսափենք այդ հարցի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի ձևավորումից և դադարեցնենք մեր եղբայրների ու քույրերի տառապանքները աշխարհի տարբեր վայրերում>>-ասել է հիմնադրամի նախագահ Ալֆրեդո Մանտովանոն: Ապրիլի 29-ին կազմակերպվող միջոցառման ժամանակ վկայություններ են հնչելու մեր օրերի քրիստոնյա նահատակների մասին, ելույթ է ունենալու Հալեպի կաթոլիկ եպիսկոպոս Անտուան Աուդոն: Միջոցառմանը մասնակցելու են կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և այլոք: