Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ`հունվարի 30-ին Հռոմում կայացել է բողոքի զանգավածային ակցիա միասեռ ամուսնությունների ճանաչման դեմ: Ակցիային մասնակցել էր մի քանի հարյուր հազար մարդ, իսկ ցույցի կազմակերպիչների տվյալներով մասնակիցների թիվը կազմել էր մինչև 2միլիոն: Ներկայումս Իտալիայի խորհրդարանը քննարկում է միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը: Ավանդական ընտանիքին պաշտպանում են նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ` Իտալիայի տարածաշրջանների և ինքնավարությունների հարցերով նախարար Էնրիկո Կոստան, շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Ջանլուկա Գալեթին և այլոք: Ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն աջակցություն էր հայտնել ցուցարարներին Twitter-ում: Ցույցը նախաձեռնել էին մի շարք կազմակերպություններ, այդ թվում նաև կաթոլիկ միություններ: Ցուցարարները վճռականորեն դեմ էին արտահայտվել <<միասեռ>> ամուսնությունների օրինականացմանը և համասեռամոլ զույգերի կողմից երեխաների որդեգրմանը: <<Երեխան պետք է ապրի հոր և մոր հետ>>-հայտարարել էր ցույցի կազմակերպիչներից Սիմոնե Պիլոն և հավելել, որ պետք է ընդհանրապես արգելել այսպես կոչված միասեռ ամուսնությունները: Ցուցարարների թվում էին բազմաթիվ կաթոլիկներ, թեմերի, ընտանիքի պաշտպանության կաթոլիկ կազմակերպությունների, եկեղեցական շարժումների ներկայացուցիչներ, վանականներ, միանձնուհիներ , քահանաներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ և այլն: Նշենք, որ Իտալիան Եվրոպայի վերջին խոշոր պետությունն է, որ չի օրինականացրել միասեռ կապերը: Այդ առնչությամբ ճնշումներ է գործադրում Եվրամիությունը: Վարչապետ Մատեո Ռենցին խոստացել էր, որ մինչև 2015 թվականի վերջը կօրինականացներ այդ կապերը, սակայն կառավարող դաշինքի ներսում հանդիպել էր զորեղ ընդդիմության: Իտալիայի խորհրդարանում այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը կայանալու է փետրվարին: