Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ կոչ է արել, որպեսզի Եվրոպայի յուրաքանչյուր վանք, կաթոլիկ թեմ ընդունեն փախստական գոնե մեկ ընտանիքի: Այս կերպ Պապը իր վերաբերմունքն է արտահայտել միգրանտների ողբերգական վիճակի նկատմամբ, միգրանտների, ովքեր փախչում են Եվրոպա` փրկվելու պատերազմներից, քաղցից և հալածանքներից: Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին` կաթոլիկ Հովվապետը ասել էր.<<Թող Եվրոպայի յուրաքանչյուր համայնք, թեմ, վանք, սկսած իմ թեմից, ընդունեն գոնե մեկ ընտանիք>>: Նա հավելել էր, որ Վատիկանի երկու թեմեր առաջիկայում ընդունելու են փախստական ընտանիքների: << Չի կարելի սահմանափակվել միայն գաղթականներին ամուր մնալու և համբերելու կոչեր անելով, յուրաքանչյուր համայնք կարող է ցուցաբերել իր նվիրվածությունը ավետարանական սկզբունքներին` ապաստան տրամադրելով փախստականներին>>-հայտարարել էր Պապը: Նշենք, որ Եվրոպայի երեք պետություններում` Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում ընդհանուր թվով կան 50 հազար կաթոլիկ թեմեր: