Ռեֆորմացիայի 500-ամյակի  նախաշեմին  Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը մտադիր է  մասնակցել այս տարվա հոկտեմբերի 31-ին  Շվեդիայի Լունդ քաղաքում  կայանալիք  Համաշխարհային լյութերական  ֆեդերացիայի (ՀԼՖ)   և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների  համատեղ արարողությանը և հանդիպմանը: Այս մասին  տեղեկացրել են  Վատիկանի և Շվեդիայի  լյութերական եկեղեցու արքեպիսկոպոսի մամուլի ծառայությունները: Պապի այցի  կարևորության մասին նշված է նաև  Համաշխարհային լյութերական  ֆեդերացիայի և Պապական խորհրդի համատեղ հայտարարությունում, որի համաձայն այդ իրադարձությունը  վկայում է  կաթոլիկների և լյութերականների հարաբերություններում  լուրջ առաջընթացի մասին: Նշվում է, որ   Լունդ քաղաքում կայանալիք արարողությունը  առաջնորդելու են Ֆրանցիսկ I-ը,  ՀԼՖ-ի  նախագահ  Մունիբ Յունան  և գլխավոր քարտուղար Մարտին Յունգեն: Պապի այցին է անդրադարձել նաև Շվեդիայի  լյութերական եկեղեցու կին արքեպիսկոպոս  Անտյե Յակելեն: <<Ես շատ ուրախ եմ, որ Հռոմի Պապը այցելելու է Շվեդիա: Վերջին  500 տարիների ընթացքում առաջին անգամ   լյութերականները և կաթոլիկները  համաձայնության են եկել ոչ միայն  պատմական, այլ նաև  ապագայի համար ընդհանուր պատասխանատվության հարցերում>>-ասել է արքեպիսկոպոսը` շեշտելով հանդիպման կարևորությունը: Նշենք, որ 499 տարի առաջ` 1517 թվականի հոկտեմբերի 31-ին էր Մարտին Լյութերը հրապարակել կաթոլիկ եկեղեցու դեմ իր հռչակավոր <<95 թեզիսները>>: