Ռեֆորմացիայի 500-ամյակի նախաշեմին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը մտադիր է մասնակցել այս տարվա հոկտեմբերի 31-ին Շվեդիայի Լունդ քաղաքում կայանալիք Համաշխարհային լյութերական ֆեդերացիայի (ՀԼՖ) և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների համատեղ արարողությանը և հանդիպմանը: Այս մասին տեղեկացրել են Վատիկանի և Շվեդիայի լյութերական եկեղեցու արքեպիսկոպոսի մամուլի ծառայությունները: Պապի այցի կարևորության մասին նշված է նաև Համաշխարհային լյութերական ֆեդերացիայի և Պապական խորհրդի համատեղ հայտարարությունում, որի համաձայն այդ իրադարձությունը վկայում է կաթոլիկների և լյութերականների հարաբերություններում լուրջ առաջընթացի մասին: Նշվում է, որ Լունդ քաղաքում կայանալիք արարողությունը առաջնորդելու են Ֆրանցիսկ I-ը, ՀԼՖ-ի նախագահ Մունիբ Յունան և գլխավոր քարտուղար Մարտին Յունգեն: Պապի այցին է անդրադարձել նաև Շվեդիայի լյութերական եկեղեցու կին արքեպիսկոպոս Անտյե Յակելեն: <<Ես շատ ուրախ եմ, որ Հռոմի Պապը այցելելու է Շվեդիա: Վերջին 500 տարիների ընթացքում առաջին անգամ լյութերականները և կաթոլիկները համաձայնության են եկել ոչ միայն պատմական, այլ նաև ապագայի համար ընդհանուր պատասխանատվության հարցերում>>-ասել է արքեպիսկոպոսը` շեշտելով հանդիպման կարևորությունը: Նշենք, որ 499 տարի առաջ` 1517 թվականի հոկտեմբերի 31-ին էր Մարտին Լյութերը հրապարակել կաթոլիկ եկեղեցու դեմ իր հռչակավոր <<95 թեզիսները>>: